ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ՁԻՆ ԻՐԵՆՆ Է

ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ՁԻՆ ԻՐԵՆՆ Է
26.01.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում էական ոչինչ չփոխվեց, խաղի բոլոր դերակատարները` դերի մեջ մտած, հաստատեցին ևս մեկ անգամ, որ խաղն է փոխվում, թեպետ էական ոչինչ չփոխվեց:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկել է 41 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը` 100 խորանարդ մետրի համար վճարվող 96000 դրամի փոխարեն 136000 դրամ, 19 տոկոսով էլ` խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները` 215 ամերիկյան դոլարին համարժեք դրամի փոխարեն 256 դոլարին համարժեք դրամ: Գազի գնի ավելացումը հիմնավորվում է Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի բարձրացումով` 154 դոլարից` 180 դոլար: Հանձնաժողովը 90 օրում պետք է եզրակացություն ներկայացնի:
Հունվարի 20-ից Թեհրանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա գրասենյակի ղեկավարի` ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով: Նախագահության տարիների ոչ մի այց, թերևս, այդքան աղմկահարույց ու հակասական չի եղել, որքան անորոշ-անհասկանալի կարգավիճակով ներկայացված այս այցը: Նախկին դառնալով` նախագահները կա՛մ շարունակում են քաղաքականության մեջ մնալ, կա՛մ հեռանում են, բայց մնում են իրենց երկրի դեսպանն աշխարհում: Հայաստանի դեպքում այդպես չէ` առնվազն երկրի ներսում: Թեհրանում Ռոբերտ Քոչարյանին ընդունել են Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հանդիպում է եղել հայ համայնքում, Սպահանում: «Tehran Times»-ի հաղորդմամբ` քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Քանի որ հանդիպումը ոչ գործող նախագահի հետ է եղել, այսինքն` քաղաքական ու իրավական պատասխանատվության ոչ անմիջական հետևանքներով, իրանական կողմն ազատ է եղել իր տեսակետներում։ Օրինակ, Մոթաքին ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հետևանք է Երկրորդ աշխարհամարտից հետո սահմանված աշխարհի կառավարման կոռումպացված համակարգի: Քոչարյանն էլ, թերթի ներկայացմամբ, կովկասյան ճգնաժամերը կարգավորելու օտար տերությունների դեղատոմսերը վնասակար է համարել: Ի՞նչն է անհասկանալի: Երկու տեսակետներն էլ տեղավորվում են մինչ այդ հայտնի վերաբերմունքի շրջանակներում` թե՛ ԻԻՀ-ԱՄՆ, որը ճգնաժամի «հայրենիք» եղավ, թե՛ Ռոբերտ Քոչարյանի` հայ-թուրքական հարաբերություններին վերաբերմունքի: Իրականում, իհարկե, ավելին է ասվել, որ չի հրապարակվի: Տարօրինակն այն է, որ այդ ամենն ասվո՞ւմ է: Եվ` ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ այդքան արագ Վիկտոր Սողոմոնյանն ասվածը «ոչ ճիշտ թարգմանության կամ թյուրըմբռնման հետևանք» համարեց: Ի վերջո, ի՞նչ իրական կարգավիճակով է Քոչար-յանը եղել Թեհրանում ու Սպահանում: Բոլոր հարցերի պատասխաններն էլ ակնհայտ են, պարզապես իրավիճակը պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական համապատկերում: Ի՞նչ է կատարվում, երևացող ու չերևացող ճնշումներին ի պատասխան ի՞նչ կարելի է հակադրել` նվազագույն վտանգավորության աստիճանով:
Վստահ եղեք, սա դեռ ամենավերջին խաղաքարտը չէ, որ Հայաստանն ունի և կարող է խաղասեղանին նետել որքան սպասելի, նույնքան անսպասելի թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը խաղացել է անագե քաջ զինվորիկի իր դերը, որի ոչ բոլոր նպատակներն են հարթության մակերեսին, բայց թաքցնելու էլ առանձնապես շատ բան չկա. նախորդ նախագահին ձեռնտու է վերստին իրեն ձիու վրա զգալ, գործող նախագահին հաճելի է, որ ձին իրենն է։
2008-ի մարտյան իրադարձություններն ուսումասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում և հազիվ թե հայտնվի նստաշրջանի օրակարգում: Իսկ նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների ամբողջական զեկույցը պատրաստ կլինի իրադարձությունների տարելիցին, թեպետ նախատեսվում էր ավելի վաղ: Հետաձգումը պայմանավորված է նոր փաստերի ուսումնասիրման անհրաժեշտությամբ, մասնավորապես` իրադարձությունների ծավալմանը բանակի ներգրավվածության առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ֆինանսական համակարգի բարեփոխումների շրջանակում առաջարկում է սահմանափակումներ, որոնք պաշտպանում են հարկատուների շահերն ու էականորեն նվազեցնում բանկերի ազատությունը: Օբաման ունի ոսկե պաշտպանություն. նա չի ցանկանում թույլ տալ ճգնաժամի խորացում կամ կրկնություն:
Թուրքական «Vatan» օրաթերթի հաղորդմամբ` խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում դռնփակ քննարկվել են թուրք-հայկական արձանագրությունները: Դեռ մի շաբաթ առաջ հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը քննարկման հետաձգումն էր համարում նպատակային, որպեսզի փակուղում չհայտնվեն, բայց շատ արագ նրա տեսակետը փոխվեց, և քննարկումը տեղի ունեցավ: Ինչպես և պետք է լիներ` դռնփակ քննարկման վերաբերյալ տեղեկությունը, այնուամենայնիվ, հայտնվեց մամուլում, այն է` ընդդիմադիր ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են վերադարձնել արձանագրությունները` ի պատասխան ՀՀ ՍԴ-ի որոշման: Մերջանը նաև փորձել է համոզել շտապողականություն չդրսևորել` ավելի ծանր դրության մեջ չընկնելու համար:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հետայսու իր աղոթքներում, եթե այդպիսիք լինում են, պիտի երախտիքի խոսքով հիշի Թուրքիան. հարևան երկիրը մի քանի օրում միջազգային մակարդակով այնքան բարձրացրեց իր ղեկավարած կառույցի հեղինակությունը, որքան ինքը չէր էլ պատկերացնի իր ամենահանդուգն երազներում անգամ: Կարևոր չէ, որ դա քաղաքական խաղ է, որ ինչպես Ադրբեջանը խառնում է պատճառահետևանքային կապը, այնպես էլ Թուրքիան խառնում է պատճառապատրվակային հարաբերությունը: Պատահական չէ, որ Սահմանադրական դատարանի վճռի պրեամբուլան ոմանց հիշեցնում է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին ՀՀ նախագահի ուղերձը. երկուսն էլ ունեն հռչակագրային բնույթ և` իրավական ոչ մի հետևանք: Իսկ ՍԴ-ի որոշումն այն է, ինչ պետք է լիներ իբրև ֆուտբոլային դիվանագիտության եզրափակիչ` ստորագրված արձանագրությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Իսկ Թուրքիան վաղաժամ է համարում արձանագրությունների վավերացումը, որովհետև չի ստացել քաղաքական բոլոր շահույթները, որ իր համար բնական են, իբրև միասնական տարածաշրջանային քաղաքականության արտահայտություն, մեզ համար անբնական, որովհետև համարում ենք նախապայման: Ողջամիտ ժամկետի ավարտին պետք էր որևէ պատրվակ, և ՍԴ-ն գտնված նվեր մատուցեց Թուրքիային իր իրավական հետևանքներ չունեցող պրեամբուլայով, ինչը որակվեց նախապայման` արձանագրութունների ոգուն ու տառին հակասող: Ի՜նչ ազնիվ զայրույթ: Ի՜նչ անակնկալ հարված նենգ հայերից` արդարամիտ թուրքերի թիկունքին, որ այդքան ցանկանում էին հաջողության հասնել հարևանի հետ հարաբերություններում: Թուրքիայի արտգործնախարարությունը, ակներևաբար, ՍԴ-ի որոշման կեսը միայն կարդալով, կարծում է, որ «Հայաստանի ՍԴ-ի որոշումը վտանգում է արձանագրությունների շուրջ ընթացող բանակցությունների բուն իմաստը և հիմնական նպատակը: Այդ մոտեցումը չի կարող ընդունելի լինել թուրքական կողմի համար»: Բայց թուրքական դիվանագիտությունը թուրքական դիվանագիտություն չէր լինի, եթե չասեր` ես լավն եմ, վատը դու ես. «Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում է նվիրված մնալ հայ-թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին և նույն նվիրվածությունն է ակնկալում Հայաստանի կառավարությունից»: Բնականաբար, այսքանից հետո գալու էր ՀՀ արտգործնախարարի հերոսացման հերթը։ Նա տեղնուտեղը հույս հայտնեց, որ նման «հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել նախապայմաններ առաջադրելու իր շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»: Էդվարդ Նալբանդյանը նաև չբացառեց գործընթացի ձախողումը, եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները և շարունակի նախապայմանների լեզվով խոսել: Հունվարի 20-ի հայտնի հեռախոսազրույցը երկու արտգործնախարարների միջև հայկական կողմը ներկայացրեց որպես հավատարմության դրսևորում` արձանագրությունների տառին ու ոգուն, առանց նախապայմանների առաջ գնալու պատրաստակամություն, որն ակնկալվում է Թուրքիայից, այլապես աշխարհը նրանց չի հասկանա: «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ` Դավուդօղլուն լրագրողներին հայտնել է, թե ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցում իրեն ասել է, որ ՍԴ-ի որոշումը չի ազդում արձանագրություններում նախապես համաձայնեցված կետերի վրա. «Սակայն մենք ակնկալում ենք ավելի պարզ պատկեր, բացատրություն այդ առնչությամբ»: Դավուդօղլուն կարծում է, որ արձանագրությունների «նպատակն է հավանություն տալ բոլոր տարրերին իրենց ամբողջության մեջ` ներառյալ հանձնաժողովները», և արձանագրությունների նկատմամբ սահմանափակումները, դրանք մասնատելու ու որոշ մասերի մյուսների համեմատ առաջնայնություն տալու փորձերը չեն համապատասխանում արձանագրությունների էությանն ու ոգուն: «Zaman»-ը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ևս անդրադարձել է ՍԴ-ի որոշմանը. «Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գալ»: Նա նաև նշել է, որ Թուրքիան արձանագրություններն անմիջապես ուղարկեց խորհրդարան` առանց որևէ հաստատության միջամտության, հաշվի չառնելով, որ ամեն պետություն փաստաթղթերի հաստատման իր ընթացակարգն ունի: Նա վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան հարցում:
Արձագանքելով այս անցուդարձին` ՀԱԿ-ը հայտարարեց. «Հերթական ծուղակում հայտնվելն արդյունք է ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության և արկածախնդրական քաղաքականության, այլև համապատասխան պաշտոնյաների անձեռնհասության ու բացառիկ տգիտության: Ձախողումների նոր ռեկորդներն անխուսափելի են, քանի դեռ, ըստ վարչախմբի ամենակարկառուն մի ներկայացուցչի` այստեղ գործում է «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» անկրկնելի ստանդարտը, որը, ըստ էության, վերից վար գործում է բոլոր պաշտոնյաների համար որպես պարտադիր նախապայման»:
Ընդդիմադիր ՀԱԿ-ից հասկանալիորեն տարբերվում էր ամերիկյան արձագանքը. ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի գնահատականով` «Սահմանադրական դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու համար: Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրություններն այն տեսքով, ինչ եղել են բանակցությունների ու ստորագրման պահին, տանել խորհրդարան վավերացման: Որևէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները»: Այնուամենայնիվ, անխոնջ Դավուդօղլուն որոշել է ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հետ քննարկել Թուրքիայի մտահոգությունները, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Հայաստանի վրա: Իսկ «Hurriyet»-ը հաղորդում է, որ, ի պատասխան ՍԴ-ի որոշման, Թուրքիան պատրաստվում է կազմել իրավական փաստաթուղթ, որի նպատակն է ցույց տալ` ինչպես է պաշտոնական Երևանը փորձում խուսափել արձանագրությունների վավերացումից:
Անցյալ շաբաթ Երևան եկան ու Բաքու գնացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայտարարել է. «Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները գերակայություն չունեն միմյանց նկատմամբ»: 1970-ին ՄԱԿ-ը հատուկ բանաձև է ընդունել, որով պետության տարածքային ամբողջականությունը հնարավոր է միայն այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման դեպքում, և այդօրինակ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ